«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։
Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը ոստիկանության Ջերմուկի բաժնում հանձնել է Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ: Ըստ նրա՝ հրազենը բերել էր անցած տարի Արցախից ու պահել նկուղում։
Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Կարմիրգյուղի մի բնակիչ բաժին էր բերել հանգուցյալ հոր ինքնաձիգն ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ։
«Կարաբին» տեսակի հրազենը, «Ֆ-1» տիպի նռնակները, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի փամփուշտներն էլ ոստիկանության Մարտունու բաժնում հանձնել է Զոլաքար գյուղի մի բնակիչ:
Արդյունավետ էր նաև ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Թաթուլ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների 27 փամփուշտ։
Սպիտակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սպիտակ քաղաքի մի բնակիչ հանձնել է հրացան ու հայտնել, որ այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Ըստ նրա՝ հրացանը գտել էր տանիքում մաքրման աշխատանք կատարելիս։
Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 74 փամփուշտ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կամավոր հանձել է Երևանում բնակվող մի կին։
Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: