Ինչ-որ մեկը հանդգնել է այրել Եռաբլուրում հանգչող 44-օրյա պատերազմի հերոսի գերեզմանի արհեստական ծաղիկները, այրվել է նաև լուսանկարի շրջանակը: Սուրեն Բաբայանի մայրը՝ տիկին Գալինան, կատարվածը պատահականություն չի համարում: Ի դեպ, հենց տիկին Գալինան էր մայիսի 9-ին Եռաբլուրում մոտեցել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և այդ միջադեպից հետո սպառնալիքներ էր ստացել:
Գալինա Բաբայան, 44-օրյա պատերազմի մասնակից Սուրեն Բաբայանի մայրը - Նայեք, թե ինչքան տեղերում արհեստական ծաղիկներ կան: Ինչի՞ հենց այդ կռվից հետո մենակ իմ կյաժինը վառվեց: Ես մոմ չեմ դնում: Եթե խնկամանից ընկներ, դեղինները կվառվեր:
44-օրյա պատերազմում զոհված Սուրեն Բաբայանի մայրը՝ տիկին Գալինան, արդեն երկու օր է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղից գալիս է Եռաբլուր ու ինքն իրեն հարցնում՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ էր պետք վառել որդու գերեզմանին դրված արհեստական ծաղիկները:
Գալինա Բաբայան - Սա պատահականություն չէ: Սա արվել է ինչ-որ մեկի կողմից, բայց այդ մեկը չգիտեմ, թե ով է:
Գալինա Բաբայանն էր մայիսի 9-ին Եռաբլուրում մոտեցել Հայաստանի երկրորդ նախագահին: Ռոբերտ Քոչարյանի հետ միջադեպից հետո, ասում է, իրեն Ֆեյսբուքով պարբերաբար վիրավորում, սպառնում են:
Գալինա Բաբայան - Իմ առաջնեկն էր: Այնպես դասավորեցին, իբր ծախված եմ: Ինչո՞ւ եմ ծախված, որ հերոսի մա՞յր եմ, որ ես իմ ամենաթանկն եմ իրենց համար տվել:
Մարտական ընկերոջ շիրիմի մոտ են հավաքվել զինակիցները: Կարենը Սուրենի հետ Աղդամի առաջնագծում 40 օր կռվել, հետո բերդաքաղաք Շուշի են տեղափոխվել: Ասում է՝ իրենց կապավորը՝ Կյաժը, մեծ սիրտ, պատերազմը հաղթելու մեծ հավատ ուներ:
Կարեն Ղավալյան, 44-օրյա պատերազմի մասնակից, Սուրեն Բաբայանի մարտական ընկերը - Այն, ինչ կատարվում է Եռաբլուրում, ոչ մի ձև չեմ կարողանում հասկանալ: Սա մարդկային տրամաբանությունից շատ հեռու է: Ես ուղղակի շատ կուզենամ, որ պատահականություն լինի տեղի ունեցածը:
Եռաբլուր պանթեոնում հրաժարվում են մեկնաբանել կատարվածը, քանի որ դեպքի մանրամասներին տեղյակ չեն: Վառված լուսանկարի շրջանակը պանթեոնի անվտանգության աշխատակիցներն են փոխել, անծանոթ քաղաքացիներն էլ մոխրացած ծաղիկները հանել, նորերն են դրել:
Կարեն Ղավալյան - Մենք նորից ավելի լավը կթարմացնենք, բայց դե ինչի՞ համար: Ախր չէ՞ որ ինքը բոլորիս համար է կյանքը տվել:
Գալինա Բաբայանը քաղաքական հարցերի մեջ չի ուզում մտնել, ցանկություն, սիրտ էլ չունի: Վստահեցնում է՝ ով էլ լիներ, ինչ պաշտոնի էլ լիներ, ընդվզումն արտահայտելու էր: