Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքը խախտել են նաև Գեղարքունիքի մարզում։
Մեր զորքերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը՝ «Լուրերի» հետ զրույցում փաստել է Վարդենիս համայնքի ղեկավարը, որն օրվա ընթացքում շարունակաբար լինում է դիրքերում։
Արամ Մելքոնյան (Վարդենիս համայնքի ղեկավար) - Այս տարածաշրջանում՝ Կութ բնակավայրում և Վերին Վարդենիս վարչական շրջանի Վերին Շորժայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա նորից այնտեղ ունենք բնակավայր, որը սեզոնային է: Այդ բնակավայրի սահմաններին են մոտեցել: Որևիցե տեխնիկա իրենց կողմից մեր տարածք չի անցել: Այո՛, կան հակառակորդի կողմից սահմանային որոշակի խախտումներ, բայց որևիցե տեխնիկա մեր սահման չի հատել, և մեր կողմում որևիցե շարժ երեկ օրվա երկրորդ կեսից չունենք:
«Լուրերի» հարցին՝ մեր և իրենց հենակետերի հեռավորությունը մոտեցե՞լ է, Արամ Մելքոնյանն ասաց՝ որոշ տեղերում դեմ-դիմաց նստած են հայկական և ադրբեջանական զորքերը:
«Շուրջօրյա, 24-ժամյա հերթապահություն մեր զորքերի կողմից իրականացվում է, և տարածաշրջանի բանակային կորպուսի կողմից բավականին լուրջ հերթապահություն է իրականացվում»,- տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավարը: