Հունիսի 8-ից կենսաբանություն, աշխարհագրություն ու համաշխարհային պատմություն առարկաների քննությամբ կսկսվի դիմորդների ընդունելությունը: Բուհերում սովորելու համար առաջին փուլով հայտագրվել է Հայաստանն ու Արցախը միասին՝ 13385 երիտասարդ: Տարվա նորամուծությունը «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքն է. նախկինում նշվող մի քանի համալսարան-ֆակուլտետի փոխարեն ապագա ուսանողների առաջ այս անգամ պահանջ է դրվել միայն մեկ տեղ նշել՝ բացատրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը:
Կարո Նասիբյան (ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն) - Հիմա բաշխվածությունը փոխվել է՝ եթե գիտելիքն այն չէ, որ ինքը կընդունվի իրավագիտություն, էլ չեն գրում, նախկինում ամեն դեպքում գրում էին իրավագիտություն, հետո գրում է՝ ինչն ուզում է, նախկինում սկսում էին իրավագիտությունից, ավարտում արվեստաբանությամբ, մի բան կընդունվեն:
Մյուս նորամուծությունը՝ ընդունելության քննությունների քանակն է. այն նախորդ տարիների պես երեքը չէ, ոչ էլ կորոնավիրուսային 2020-ի նման մեկը: Դիմորդները երկու քննություն են հանձնելու՝ մասնագիտականի հետ միասին ևս մեկն ընտրությամբ՝ կամ հայոց լեզու, կամ օտար: Մեծ մասը, պարզվում է, որոշել է օտար լեզվի թեստ հանձնել. կրթական գերատեսչությունում գիտեն՝ ինչու:
Կարո Նասիբյան - Անգլերենից ավելի բարձր են ստանում, քան հայերենից, օտարի քննությունն ավելի հեշտ են հանձնում, քան մայրենին:
ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾԸ՝ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՓՈՒՄ
Ամենաշատը, ըստ առարկաների, դիմորդները մաթեմատիկա կհանձնեն: Մարզերից միակը Տավուշն է, որտեղ շրջանավարտների մեծամասնությանը չեն հետաքրքրել թվերն ու Պյութագորասի թեորեմը: Բուհերի ֆակուլտետներից ամենապահանջվածը Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործն է՝ 591 դիմում: Երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան է՝ 337, երրորդում՝ իրավագիտությունը՝ 304, չորրորդ հորիզոնականում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետն է՝ 245: Առաջատար հնգյակը փակում է Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի տուրիստներին սպասարկող սերվիս մասնագիտությունը՝ 245:
Վերջինը, ի դեպ, նորություն է նախընտրելի մասնագիտությունների՝ բժիշկ, իրավաբան, ծրագրավորող, ֆինանսիստ շարքում՝ նկատում է Կարո Նասիբյանը, տեղեկացնում. տարվա կարևոր մեկ այլ նորամուծությամբ՝ անվճար-վճարովի սովորելն այլևս հայտում նշելով չի որոշվում: Տվյալ ֆակուլտետի համար ով ամենաբարձր միավորները հավաքի, նա էլ կզբաղեցնի պետպատվերով տեղը: Ֆինանսական այդ հարցը պարզ է լինելու, երբ ավարտվի նաև ընդունելության երկրորդ փուլը՝ բանակից զորացրված տղաների ու սփյուռքի համար: