Բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չզիջի, ապա հայկական կողմն իրավունք ունի կիրառել ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ, խոսելով Սյունիքի ու Գեղարքունիքի դեպքերից՝ այսօր հայտարարել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Էդմոն Մարուքյանը նշել է՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով ամրագրված է՝ պատերազմից հետո կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։
Մարուքյանը պնդել է, որ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացված սադրանքը չպետք է հանդուրժվի ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի կողմից։ Նա ճիշտ է համարել ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը, քանի որ իրավիճակը կարող է նաև նոր էսկալացիայի հանգեցնել։
«Ուսումնասիրելով փաստաթուղթը՝ եկել եմ այն եզրակացության, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք կրակել ենք դեռևս 2-րդ հոդվածի փամփուշտը, ոչ 4-րդ: Սա նշանակում է, որ մենք ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում, մենք էլ զորք ունենք: Պետք լինի՝ մենք մեր զորքով կմիջամտենք: Երբ վերածվի էսկալացիայի, բնականաբար, 4-րդ հոդվածը կսկսի գործել նաև մեր դիմումի լույսի ներքո:
Բայց մենք դիմել ենք՝ իրազեկելով, որ սա ուժի գործադրման սպառնալիք է, և եթե խնդիրը չկարգավորվի, բնականաբար, անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ կամ շատ կանխատեսելի՝ էսկալացիա, ռազմական նոր կոնֆլիկտ Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ի տարածքում»,- ասել է Էդմոն Մարուքյանը: