Իսրայելից ստացվում են հակասական լուրեր: Մի տեղեկատվությամբ, իբր, իսրայելական բանակը գիշերը մտել է Գազայի հատված, մեկ ուրիշով այդ լուրը հերքվում է: Միաժամանակ իսրայելական զորքերը պատրաստ սպասում են այդ հրամանին, իսկ հրթիռակոծությունն ամբողջ գիշեր չի դադարել: Իսրայելական կողմի տվյալով՝ ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի ռազմաբազաները Գազայի հատվածում, հաղորդում է Reuters-ը: Այդ տարածքից իսրայելական բնակավայրերի ուղղությամբ երկուշաբթիից սկսած արձակվել է 1800 հրթիռ: Կարմիր մահիկի գրասենյակից հայտնել են, որ պաղեստինյան տարածքներում տուժել է մոտ 350 մարդ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է արել արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:
«Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և Իսրայելում: Չափից շատ անմեղ խաղաղ բնակիչներ են արդեն զոհվել: Այս հակամարտությունը կարող է միայն ուժեղացնել արմատականությունն ու ծայրահեղականությունը ողջ տարածաշրջանում»,- հայտարարել է Անտոնիո Գուտերեշը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսել է կիրակի նիստ հրավիրել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը քննարկելու համար: Միացյալ Նահանգներն էլ Իսրայելի քաղաքացիների կյանքը վտանգող հրթիռակոծությունը համարել է ահաբեկչական հարձակում: Պենտագոնը միաժամանակ վստահեցրել է, որ կապահովեն Իսրայելի ռազմական գերազանցությունը, քանի որ այդ երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի: Դա, իհարկե, չի խանգարել, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունն Իսրայելից տարհանի իր մոտ 120 աշխատակցի: