Պարոն Պեսկովի ասածը վերաբերում էր երեկ տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի զրույցին, որի շրջանակում սպասվում էր, որ այսօր գիշեր ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն իրենց ելման կետերը, բայց հաշվի առնելով, որ առավոտյան պարզ է դարձել, որ դա տեղի չի ունեցել, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի շրջանակում դիմել է ՌԴ նախագահին՝ օգնության, նաև ռազմական օգնության առաջարկով:
Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք դիմել ՌԴ-ին, քանի որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի դիմել Ռուսաստանի նախագահին:
Հարցին՝ արդյոք արձագանք կա՞, Սիմոնյանը պատասխանեց՝ տեղյակ չէ՝ կա՞ արձագանք այս պահի դրությամբ, թե՞ ոչ:
«Հայ-ռուսական պայմանագիրը կա, և մենք ակնկալում ենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում առանձին, թե՛ Հայ-ռուսական պայմանագրի շրջանակում առանձին արձագանք մեր գործընկերների կողմից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
«Լուրերի» հարցին՝ հնարավո՞ր է զսպվի սահմանին էսկալացիան, Սիմոնյանն ասաց՝ հայկական կողմն առաջին իսկ րոպեից ամեն ինչ արել է հնարավոր էսկալացիայի զսպման համար:
«ՀՀ ինքնիշխան տարածքը որևիցե սակարկման առիթ չի կարող դառնալ: Եվ վստահեցնում եմ ձեզ՝ անհրաժեշտության պարագայում հնարավոր է նաև ՀՀ-ն քայլեր ձեռնարկի ինքնիշխան այդ տարածքը վերականգնելու ուղղությամբ»,- հավելեց Սիմոնյանը: