ԱԺ արտահերթ նիստում Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերն Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ առաջին գործողությունը, որն արվել է Կառավարության, ՊՆ-ի, ԱԳՆ-ի և ԱԽ-ի կողմից, իրադրության գնահատումն է եղել՝ ո՞րն է իրականում նպատակն ադրբեջանցիների այդտեղ հայտնվելու: Եվ, ըստ նրա, այդ գնահատումից է եղել կախված մեր հետագա գործողությունները:
«Մեր գնահատականը եղել է միանշանակ՝ Ադրբեջանի նպատակը եղել է ռազմական բախում հրահրելը ՀՀ տարածքում: Սա լոկալ ակցիա չէ՝ մի բլուրի, մի լեռան կամ մի կոորդինատի վերաբերյալ, և սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան.
Առաջին՝ նման տեղանքում գտնվելն ադրբեջանցիները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ այդ տարածքները փորձելով ներկայացնել որպես ադրբեջանական: Ես արդեն նշել եմ, որ ԽՍՀՄ քարտեզները ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները, իրենք գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում:
Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրն Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություն անցկացնելու մասին: Սա չէր կարող պատահականություն լինել:
Երրորդ՝ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարություններով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով:
Չորրորդ՝ եթե ուշադիր նայենք քարտեզին, մենք կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ ՀՀ արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է բոլոր տեղանքներից:
Ահա այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք վերլուծել ենք իրավիճակը և որոշել ենք գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, իսկ այսօր արդեն բոլոր փաստաթղթերը մուտք են արվել և հասել հասցեատերերին:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ըստ ընթացակարգի՝ նամակն առաջինը պետք է ուղղվի ՀԱՊԿ խորհրդի նախագահողին, այս դեպքում՝ Տաջիկստանի նախագահին, որից հետո առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը, և ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ՝ համաձայն ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգի»:
Փաշինյանը նշեց, որ ըստ այդ Կանոնակարգի՝ հնարավոր է որոշում կայացնել ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելուն կամ հետ մղելու ուղղված գործողությունների իրականացման համար: «Այսինքն՝ մենք գործարկել ենք մի մեխանիզմ, որտեղ հնարավոր են քաղաքական, ռազմաքաղաքական, ինչպես նաև ուժային լուծումներ»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ երեկվանից մեկնարկել են բանակցություններ տվյալ իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ: «Այդ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը: Եվ այս դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանադակություն և այն մեր ՀԱՊԿ գործընկերների հետ հաղորդակցության հիմքն է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա տեղեկացրեց, որ այսօր բանակցությունները ընդհատվել են, շարունակությունը տեղի կունենա վաղը՝ 15:00-ին:
Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրության և ՀԱՊԿ գործընկերների համար կարևոր է պարզաբանել, թե տվյալ կոորդինատով տարածքը ո՛ր երկրին է պատկանում: Այսօր, ըստ նրա, բանակցություններին միացել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով, և շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել: «Հայկական և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի, կոորդինատների վերաբերյալ մեր պնդումներն առ այն, որ այդ տարածքը ՀՀ տարածք է, ինչը նշանակում է, որ դա ՀԱՊԿ տարածք է, հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Ինչու ենք դիմել 2-րդ հոդվածով, որովհետև մեր գործընկերներին պետք է հիմնավորում ներկայացնեինք, որ դա մեր տարածքն է, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է մեկնաբանվել նաև ՀԱՊԿ 4-րդ հոդվածով, որում ասվում է. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կհամարվի ագրեսիա սույն պայմանագրի բոլոր պետությունների նկատմամբ: Այդ դեպքում անդամ մյուս պետությունները նրան կտրամադրեն համապատասխան օժանդակություն, այդ թվում՝ ռազմական օգնություն...»: Փաշինյանն ասաց՝ գործարկված է այնպիսի մեխանիզմ, որով կկարողանան պահպանել մեր տարածքային ամբողջականությունը և հայրենիքը: Նա հորդորեց կրքեր չբորբոքել, էմոցիոնալ դրսևորումներ չանել և զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
Սահմանների մասին. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու կողմից սահմանի պահպանությունը պետք է իրականացնեն սահմանապահ զորքերը, և զինուժի ստորաբաժանումները պետք է տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր: «Մենք պատրաստ ենք այսպիսի լուծման: Սա նշանակում է, որ կլինի սահման կամ սահմանային կետերի շուրջ պայմանավորվածություն, և երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահները»,- նշեց նա: