Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դիմել է Սպիտակ տան ղեկավարին՝ կոչ անելով ակտիվորեն սատարել Հայաստանին:
Բոբ Մենենդես (ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) - Բայդենի վարչակազմից պահանջում եմ սույն հարցով զբաղվել ամենաբարձր մակարդակով՝ հստակեցնելու համար, որ հետագա ագրեսիան ու սպառնալիքները պարզապես անընդունելի են, և Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման թեմայով «Լուրերը» դիմել էր պետքարտուղարություն։ Ամերիկյան արտաքին գերատեսչությունը հղում է արել խոսնակ Նեդ Փրայսի թվիթերյան գրառմանը։ Վերջինս նախօրեին հայտարարել էր, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի չհստակեցված հատվածի շուրջ լարվածությանը։
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Տեղյակ ենք, որ կողմերի միջև շփումներ են ընթանում, և պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակի խաղաղ լիցքաթափման նպատակով:
Միաժամանակ, Շուշիի հայկական ժառանգության նկատմամբ վանդալիզմի հետ կապված՝ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը շեշտել է, որ շարունակում են կողմերին կոչ անել հարգել միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունները։
Նեդ Փրայս - Շարունակում ենք պահանջել, որպեսզի թույլատրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների, ոչ կառավարական կազմակերպությունների և լրագրողների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ կրոնական և մշակութային վայրերին հասցված վնասի մասին պնդումներն անկախ և անկողմնակալ գնահատելու համար:
Պարզաբանումը ստանալուց հետո «Լուրերը» կրկին կապվել է ԱՄՆ պետքարտուղարության հետ՝ հստակեցնելու համար, թե արդյոք երկու կողմերին ուղղված կոչերի փոխարեն կարո՞ղ են ներկայացնել ավելի հասցեական ձևակերպումներ։