ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ադրբեջանցիների հետ բանակցությունների ընթացքից որոշ մանրամասներ:
«Ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Փաստացի կարելի է ասել, որ այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել: Բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը, ըստ իրենց՝ որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ուզում ձեռնարկել՝ հետագա լարումն ավելի խորացնելու համար:
Բայց և այնպես, նաև պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին, նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը: Նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»,- ասել է Տիգրան Ավինյանը: