Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ է ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, տեղեկացնում է Ermenihaber-ը:
Պատգամավորները նշել են, որ խորապես մտահոգված են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներով, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալություններով, Ստամբուլի կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշմամբ: Նրանց բնորոշմամբ՝ Թուրքիայի կառավարության ճնշող քաղաքականության, պատգամավորների ձերբակալությունների, կրոնի և մտքի ազատության իրավունքների ոտնահարման հետևանքով լրջորեն վտանգվել է ժողովրդավարությունն այդ երկրում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունից պատգամավորները պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպես նաև այդ երկրի հարցով նիստ հրավիրել խորհրդարանում: Անգլիացի պատգամավորներից կազմված մի պատվիրակություն էլ կմեկնի Թուրքիա՝ հիմնականում այդ երկրի արևելյան շրջանների բանտերում ստուգումներ կատարելու համար: