«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի դիրքորոշումները Արցախի հարցում, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպի հայտարարությունը, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դերն ունենան` «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախումները կանխելու միակ տարբերակը հարցի միջազգայնացումն է. ուստի միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին»,- ասվում է կուսակցության քաղխորհրդի հաղորդագրության մեջ: