Մայիսի 27-28-ը Երևանում «Հայաստանի զբոսաշրջային ներուժը» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, միջոցառման չափանիշներն իրազեկելու և կազմակերպչական հարցեր քննարկելու համար այսօր Շիրակի մարզպետարանում՝ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը և Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը կազմակերպել են հանդիպում-քննարկում մարզում գործող զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցների, հյուրատների, սրճարանների, ռեստորանների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզում գործող թանգարանների տնօրենների հետ։
Երկօրյա ցուցահանդեսը նպատակ ունի խթանելու ներքին զբոսաշրջության զարգացումը։ Ցուցահանդեսին մասնակցելու են ՀՀ բոլոր մարզերը և բացօթյա տաղավարներում ներկայացնելու են իրենց տուրարտադրանքը, գրավիչ կողմերը` յուրաքանչյուր մարզին բնորոշ։ Նախատեսվում է ցուցադրության հատված, որտեղ մասնակիցները կարող են փորձել ամեն մարզին բնորոշ խոհանոցը և մասնակցել որևիցե փորձառության՝ կավագործություն, կարպետագործություն, զարդերի պատրաստում և այլն։