Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա դեկտեմբերին: 11 տարի առաջ մեկնարկած շինարարության վերջնաժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, սակայն, այսօր արդեն որևէ խոչընդոտ չեն տեսնում աշխատանքները դեկտեմբերին ավարտելու համար:
Տիգրան Մելքոնյան (ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ) - Նախատեսված է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցման ավարտը 2021 թ. դեկտեմբեր ամիսը: Ներկայումս մենք ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի հասցնենք այդ ժամկետում ավարտել կառուցման աշխատանքները, այնուհետև մյուս տարի շահագործման դնել գիծն արդեն:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանն Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման օդային գծի կառուցմամբ՝ տեսնում է երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկական փոխհոսքերի թողունակության եռապատկման, ինչպես նաև Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ծավալների շեշտակի ավելացման հնարավորություն:
Հայկ Հարությունյան («Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն) - Այսօրվա գոյություն ունեցող երկու գծերով թողունակությունը կազմում է 300-350 մեգավատտ, նոր գծով՝ կեռապատկվի, կդառնա 1000-1200 մեգավատտ: Բացի այդ, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ծավալների շեշտակի ավելացում տեղի կունենա:
Էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը, սակայն, էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի կառուցման անհրաժեշտություն չի տեսնում: Ըստ փորձագետի՝ արդեն առկա գծերը լիովին բավարար են Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները բավարարելու համար:
Էդվարդ Արզումանյան (էներգետիկ ոլորտի փորձագետ) - Իրանից Հայաստան մենք ունենք 200 կիլովոլտի գիծ, 110 կիլովոլտի գիծ, որոնք մեզ բավարար են ոչ միայն 1 մլրդ 500 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա տալու, այլ նաև առնվազն 500 մլն կվտ/ժամ ևս ավելացնելու համար: Այսինքն՝ եթե հիմա Իրանն ուզենա վերցնել 2 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա այն կառուցված գծերը, որոնք այսօր գործում են, լրիվ դա կապահովեն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, սակայն, նշում են, որ գծի կառուցումը խթանելու է Հայաստանի տնտեսության զարգացումը:
Տիգրան Մելքոնյան - Գծի կառուցումը լիովին նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը, և մենք հյուսիսից հարավ հնարավորություն ենք ունենալու էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, որը, բնականաբար, ստեղծելու է ավելացված արդյունք և արժեք ընդհանրապես մեր տնտեսության զարգացման համար:
Ծրագրի իրականացման համար ներգրավվել են շուրջ 107,9 մլն եվրոյի վարկային միջոցներ: Ֆինանսավորումն իրականացվել է Իրանի Արտահանման և զարգացման բանկի միջոցներով, ինչպես նաև իրանական կապալառու «Սանիր» ընկերության փոխառությունով: