Twitter-ը բազմաթիվ դիմում-բողոքներից հետո ջնջել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի՝ հայ պատգամավոր Կարո Փայլանին ուղղված սպառնալից գրառումը, գրում է Ermenihaber-ը:
Օզդաղը թիրախավորել էր ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառման պատճառով: Օզդաղը հայ պատգամավորին սպառնացել էր Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ:
Փայլանը հայց էր ներկայացրել դատախազություն ազգայական գործիչ Օզդաղի դեմ՝ վերջինիս մեղադրելով «հանցագործություն հրահրելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» համար: Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք էր ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը: