Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական տուրում արևմտյան կոնֆերենցիան գլխավորող «Յուտա Ջազզը» տանը 98:105 հաշվով պարտվել է «Պորտլենդ Թռեյլ Բլեյզերսին»: Խաղում լավագույնն է ճանաչվել «Բլեյզերսի» առաջատար Դեմիեն Լիլարդը՝ իր թիմի համար վաստակելով 30 միավոր:
Իր հաշվին դաբլ-դաբլ է գրանցել «Ջազզի» ֆրանսիացի կենտրոնական Ռուդի Գոբեռը՝ 15 միավոր և 20 ռեբոունդ կատարելով: Այս հանդիպումից հետո 41 հաղթանակով «Պորտլենդը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Յուտան» 50-ով առաջինն է:
«Սթեյփլզ Սենթրում» «Լոս Անջելես Լեյքերսը» համառ պայքարում հաղթել է «Հյուստոնի Ռոքետսին»՝ 124:122 հաշվով: «Լեյքերսը» տոնել է իր երրորդ անընդմեջ հաղթանակը, բայց չի կարողացել մուտք գործել առաջին վեցնյակ, որն ապահովում է ուղիղ անցում փլեյ-օֆֆ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լոս Անջելեսի» պաշտպան Թեյլն Հորթոն-Թակեռը՝ վաստակած 23 միավորով և կատարած 10 արդյունավետ փոխանցմամբ: Հետնապահ «Ռոքետսին» հաղթելուց հետո «Լեյքերսը» 40 հաղթանակով 7-րդն է: