Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտում, որով փոքր ՀԷԿ-երին տրված արտոնությունը կվերանա։
Նախարարությունն առաջարկում է փոքր համարել ոչ թե ներկայում գործող 30 մեգավատտ հզորությամբ աշխատող հիդրոէլեկտրակայանը, այլ 10 մեգավատտով աշխատողը։ Համապատասխան որոշման նախագիծը շրջանառվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
2011-ին կառավարությունը որոշեց փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորությունը դարձնել 30 մեգավատտ։ Դրան անմիջապես հաջորդեց Լոռու մարզի Ձորագետ գետի վրա գտնվող Ձորահէկ հիդրոէլեկտրակայանը մասնավորեցնելու գործընթաց, ու Ձորահէկը մասնավորեցվեց «Ձորագետ հիդրո» ընկերությանը։ Ձորահէկը, որի հզորությունը 24.6 մեգավատտ էր, այս փոփոխություններով համարվեց փոքր հիդրոէլեկտրակայան, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ փոքր հիդրոէլեկտրակայանները կարող են էլեկտրաէներգիա վաճառել ավելի բարձր գնով։ Այս որոշման հիմնական շահառուն հենց «Ձորագետ հիդրո»-ն էր։
«Ձորագետ հիդրո»-ն կապվում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Այս ընկերությունում բաժնեմասեր են ունեցել Մինասյանի մտերիմները՝ Լեոնիդ Արևշատյանն ու Արմեն Պետրոսյանը, իսկ 2016-ին «Ձորագետ հիդրո»-ի միակ բաժնետերը դարձել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին։ «Ձորագետ հիդրո»-ի հետ կապված ներկայում դատարան է ուղարկվել քրեական գործ, որը վերաբերում է Ձորահէկի մասնավորեցմանն ու հետագայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ձորագետ հիդրո»-ին տված արտոնությանը, ինչի հետևանքով ընկերությունը 7 միլիարդ դրամի հավելյալ եկամուտ է ստացել։ Ձորահէկի մասնավորեցման գործով մեղադրյալներից է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քանի որ Ձորահէկը մինչ մասնավորեցվելը գտնվում էր պաշտպանության նախարարության ենթակայության ներքո և, ըստ իրավապահների՝ հիդրոէլեկտրակայանը մասնավորեցվել է ցածր գնով, իսկ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելով «Ձորագետ հիդրո»-ին արտոնություն ապահովելու համար։ Ընդհանուր առմամբ, այս գործով կա 5 մեղադրյալ։
Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարության նոր որոշման նախագծով հիմնավորումներում նշում է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների թվաքանակի աճի միտումը նվազեցնելու, ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու և շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու նպատակով է կատարվում փոփոխությունը։ Կառավարության նախկին որոշումը շրջակա միջավայրի նախարարությունը համարել է առանց պատշաճ ուսումնասիրության ու վերլուծության հետևանք, որով անտեսվել են նաև Հայաստանում ջրային ռեսուրսների հնարավորությունները, փոքր հէկերի շահագործման արդյունքում առաջացած էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական խնդիրները։
2018-ի օգոստոսին Հայկական բնապահպանական ճակատը փոքր հէկերի առավելագույն հզորության չափը փոփոխելու և նախկինի նման 10 մեգավատտ դարձնելու համար դիմել էր կառավարությանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, սակայն, որևէ ընթացք չէր տվել այդ դիմումին։ Բնապահպան Լևոն Գալստյանը «Լուրերի» հետ զրույցում ասում է՝ 2011 թվականի կառավարության որոշումը որևէ հիմնավորում չունի, ու իրենք բազմիցս պահանջել են փոխել այն. «Անտրամաբանական որոշում էր, ու այն ժամանակ դա ընդունվել էր հատուկ «Ձորագետ հիդրո»-ի համար։ Փոքր հէկերն ունեն բարձր սակագին կիլովատտ-ժամի համար, ու որոշումից հետո իրենց սակագինը 3-4 անգամ բարձրացավ»,- հիշում է Գալստյանը։ Կառավարության համապատասխան որոշումը կընդունվի առաջիկա նիստերից մեկում։