Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պաղեստինցիներին աջակցելու է այնպես, ինչպես աջակցել է Ադրբեջանին, գրում է РИА Новости-ն:
«Թուրքիան նույն վճռականությամբ է աջակցելու Երուսաղեմին, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղում, գործողություններ է ձեռնարկելու Պաղեստինի քաղաքներում և Երուսաղեմում իրականացվող ճնշումների դեմ»,- ասել է Էրդողանը:
Infoteka24-ն էլ հիշեցնում է, որ Թուրքիան ոչ միայն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, այլև այնտեղ ուղարկեց իր զինված ուժերին, մասնավորապես՝ հատուկ նշանակության ջոկատներին, կազմակերպեց վարձկանների տեղափոխումը Սիրիայից, իսկ թուրք մասնագետները ղեկավարեցին անօդաչու թռչող սարքերը:
Էրդողանը վստահեցրել է, որ Գազայում իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել 19 երկրի նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը, ինչպես նաև ՄԱԿ-ին, «անհապաղ կանգնեցնել Իսրայելին, հակառակ դեպքում սարսափելի հետևանքներն անխուսափելի են»:
Մասնագետները տարակուսանք են հայտնել՝ եթե Անկարան պատրաստ է նույն կերպ աջակցել պաղեստինցիներին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմ սկսել: