Պաշտպանության բանակի փոխգնդապետ Էռնեստ Վարդանյանին Արցախի նախագահի հրամանագրով հետմահու շնորհվել է «Մարտական ծառայության» մեդալ և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան:
Բարձր պարգևները մարտական ընկերները հանձնել են զոհված սպայի որդուն:
Փոխգնդապետ Վարդանյանը ծառայել է Հադրութում, զբաղեցրել սպայական կարևոր պաշտոններ և պատերազմի օրերին ստանձնել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատարի պաշտոնը:
Հերոսաբար կռվել է Հադրութի և Մարտունու առաջնագծերում, զոհվել նոյեմբերի 7-ին՝ բերդաքաղաք Շուշին պաշտպանելիս:
Միշա Սարգսյան (ՊԲ N զորամասի գումարտակի շտաբի պետ) - Լավ մարտական ընկեր էր: Զինվորների ավագ ընկերն էր ինքը, իրեն բոլորը սիրում ու հարգում էին: Կորցրինք մարդու, որն իր կյանքը տվեց հանուն հայրենիքի: Հաղթելու հավատով էր կռվում, իսկական հայ էր:
Դիանա Վարդանյան (Էռնեստ Վարդանյանի այրին) - Ե՛վ մեծ ցավ եմ զգում, և հպարտություն: Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, երեխեքս հերոսի երեխեք են: Նա միշտ ասում էր՝ գլուխդ բարձր կքայլես, երբեք գլուխդ չկախես, ու ես էսօր շատ հպարտ եմ, որ ինքը մինչև վերջ կռվել, իր կյանքը տվել է հայրենիքին: