Կառավարությունը վերանայում է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները:
Գործադիրի նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ կրթական չափորոշիչները պետք է միտված լինեն երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, դպրոցին սահուն անցմանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ մանկապարտեզը պետք է դիտարկել ոչ թե մի տեղ է, որ ծնողները X ժամից Y ժամը թողնում են իրենց երեխաներին, այլ սա կրթության բաղկացուցիչ մասն է, նախակրթությունը պետք է ապահովի երեխայի սահուն մուտքը դեպի հանրակրթական համակարգ:
«Երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ, կոնկրետ հմտություններ: Այս չափորոշչով սահմանվում է հենց դա: Հաջորդ հարցը, որը, ինչպես պայմանավորվել ենք, պետք է լուծենք, մանկապարտեզների և նախակրթարանների ուսուցիչ-դաստիարակների համար որոշակի ստանդարտներ ապահովելն է: Երեխաները մանկապարտեզում և նախակրթարանում, ինչպես նաև դպրոցում պետք է ստանան պատշաճ կրթություն՝ պատշաճ մասնագետների կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: