Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը: «Լուրերի» հետ զրույցում Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը նշեց, որ բազմիցս բարձրացրել են այս հարցը, իսկ այժմ պատրաստվում են բանաձև ներկայացնել, որպեսզի Ադրբեջանը հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնի՝ առանց որևէ նախապայմանի:
Անդրեյ Կովաչև, Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերի մշտական զեկուցող - Սա մարդասիրական խնդիր է և որևէ կապ չունի երկրների միջև հարաբերությունների կամ դիրքորոշումների հետ: Կապ չունի նաև այն, որ Ադրբեջանն այս մարդկանց որակում է որպես հանցագործ:
Մինչև միջազգային հանրությունն Ադրբեջանից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ադրբեջանցի պաշտոնյաները համառորեն պնդում են, որ հայ ռազմագերի չունեն: Անդրեյ Կովաչևի խոսքով՝ մայիսի 20-ի լիագումար նիստում եվրապատգամավորները հստակեցելու են գերիների վերադարձի՝ Ադրբեջանի պարտավորությունները:
Անդրեյ Կովաչև - Մենք պետք է տարանջատենք երկու խնդիրները՝ հակամարտությունը և մարդասիրական հարցերը: Պետք չէ այս հարցերն իրար կապել կամ ասել, որ մարդկանց ազատ արձակման համար անհրաժեշտ է բանակցություններում որևէ առաջընթաց գրանցել: Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց ընտանիքներն սպասում են նրանց վերադարձին: Այս հարցը պետք է լուծվի հիմա:
Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ֆրանկ Էնգելը կարծում է, որ, այնուամենայնիվ, ոչ բոլոր եվրոպական երկրներն են պատրաստ թշնամանալ Ադրբեջանի հետ: Ալիևը խորամանկ կերպով դիրքավորել է երկիրը Եվրոպայի քարտեզի վրա՝ որպես նավթ արտահանողի: Նրա խոսքով՝ դա էականորեն բարդացնում է իրավիճակը:
Ֆրանկ Էնգել, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Լյուքսեմբուրգ - Կլինեն այնպիսի պետություններ՝ այս դեպքում, դժբախտաբար, փոքր, որոնք կցանկանան ավելի կոշտ լինել: Սակայն կան նաև այնպիսինները, որոնք որևէ պատճառ չեն տեսնում հակադրվելու Ադրբեջանին: Փոքր պետությունների որոշ մասն էլ չունի այն հեղինակությունը, որ կարողանա ազդել Ադրբեջանի գործելաոճի վրա:
Ֆրանկ Էնգելը հիշեցրեց, որ այն, ինչ կարող է անել Եվրամիությունը, միջազգային իրավունքը հարգելու պահանջն է: Սակայն, գործիչը մտավախություն ունի, որ Ադրբեջանը կշարունակի անտեսել այդ պահանջները: ԵԽ լիագումար նիստը նախատեսված է մայիսի 17-20-ը, գերիների հարցի քննարկումը նախատեսված է նիստի վերջին օրը: