Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սյունիքում ստեղծված իրավիճակը:
Նա նշեց, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել և հատել են ՀՀ պետական սահմանը՝ Սև լճի հատվածում: Փաշինյանի խոսքով՝ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա:
«Իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ: Այնտեղ նաև մեծ թվով հայ զինվորներ կան: Ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, բախում ու հրաձգությւոն չկա: Երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ: Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել:
Ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ուզում ասել, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է: Դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ: Իհարկե, կարևորագույն հարց է՝ ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն, միջդիրքային տարածքով անցնեն և հասնեն Սև լիճ. դա առանձին քննարկման խնդիր է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել. գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ մեր խնդիրն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր:
«Այսօր մենք կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, և կկայացվեն որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ»,- նշեց Փաշինյանը: