ՀՀ Արմավիրի մարզպետը Համբարձում Մաթևոսյանը համայնքային այցերի շրջանակում եղել է Նալբանդյանում, Ջանֆիդայում և Արմավիրում, ծանոթացել համայնք-պետություն համաֆինանսավորմամբ և պետական աջակցությամբ իրականացվող այլ ծրագրերով համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներին:
«Նալբանդյանում նախ ներկա եմ գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված նալբանդյանցի քաջերի հիշատակին նվիրված միջոցառմանը, ապա փառքի պուրակում ծաղիկներ եմ խոնարհել Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետև ծանոթացել եմ պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով 2020 թվականին համայնքում մեկնարկած և օրերս ավարտված 40 կՎտ դրվածքային հզորությամբ 2 արևային էլեկտրակայանի տեղադրման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 մլն 230 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 55%` 12 մլն 226.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 45%` 10 մլն 003.5 հազ. դրամ:
Համայնքապետի փոխանցմամբ համայնքապետարանը մշակույթի տան վերանորոգման և համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման նպատակով 2021 թվականի համաֆինանսավորման ծրագրի հայտ է նախատեսում ներկայացրնել մարզպետարան՝ ամբողջական փաթեթների կազմման ու Տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարություն ներկայացման համար։
Հաջորդիվ այցելել եմ Ջանֆիդա համայնք, ծանոթացել 2020 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզում շարունակվող հիմնանորոգման աշխատանքներին:
91 մլն 931.36 հազ. դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի իրականացման համար 59 մլն 755.38 հազ. դրամ (65%) հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ համայնքի մասնակցությունը կազմել է 32 մլն 175.98 հազ. դրամ (35%):
Տեղեկացվել է, որ 1969 թվականին կառուցված մանկապարտեզը մինչ այս երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար ծրագրով նախատեսված է փոխվել մուտքի դուռը, ապահովել բետոնե հատակ, նորոգել աստիճանները, կառուցել բաց պատշգամբ, փոխել ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, ապահովել անխափան էլեկտրամատակարարում և ջրամատակարարում, իրականացնել նաև ներքին հարդարման աշխատանքներ:
Համայնքային շրջայցն ամփոփել եմ Արմավիրում, որտեղ նախ ծանոթացել եմ Ս-3-11, Հ-15 (Արմավիր գ.) -Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա-Մ-5 ճանապարհի 3 կմ հատվածում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին, ապա՝ համայնքի կենտրոնում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված բարեկարգման աշխատանքներին:
Նշեմ, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 30%` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում բարեկարգվել է կենտրոնական փողոցը, սալիկապատվել է մշակույթի տան հարակից հրապարակը, վերականգնվել է ջրավազանի արտաքին տեսքը, տեղադրվել են նստարաններ և շատրվանների շահագործման նոր համակարգ:
Ընդհանուր առմամբ՝ դրական եմ գնահատել համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով, որ տարեցտարի պետք է ընդլայնվեն դրանց ծավալները՝ բարելավելով բնակիչների կենսակերպն ու նվազագույնի հասցնելով նրանց խնդիրները»,- նշել է մարզպետը: