Հայաստանը պաշտոնապես դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ իր տարածքային ամբողջականությունը, կայությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու և իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու համար։ ՀԱՊԿ պատմության ընթացքում սա անդամ երկրի՝ նման հիմքով առաջին դիմումն է։ Ինչ է ենթադրում այս դիմումը և ինչ զարգացումներ սպասել. «Լուրերի» համար մեկնաբանել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
«ՀՀ-ն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու բոլոր հիմքերն ունի, դա միանշանակ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վերջին երկու օրվա ընթացքում իրականացվող բացահայտ սադրիչ գործողությունները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, տվյալ սադրանքն ունի հեռուն գնացող նպատակներ, ինչն ակնհայտ է բոլորի համար, անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել բոլոր տիպի ռիսկերը: ՀԱՊԿ-ին դիմելով՝ Հայաստանը կատարում է հենց նմանատիպ քայլ՝ փորձելով կանխել հնարավոր ռիսկերը և բացասական զարգացումները:
Բավական կարևոր է, որ Հայաստանը դիմելով ՀԱՊԿ-ին՝ հստակ ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը տեղավորվում է ՀԱՊԿ անվտանգության հիմքում ընկած պայմանագրի երկրորդ հոդվածում նկարագրված իրավիճակին և, փաստացի, ՀՀ անվտանգության համար առկա է հստակ վտանգ, որի չեզոքացման, վերացման ուղղությամբ անհրաժեշտ են քայլեր ձեռնարկել:
Կա մոտեցում, որ հնարավոր էր նաև դիմել չորրորդ հոդվածի մասով, սակայն, կարծում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, զենք չի կիրառվել և ռազմական բախումներ չեն եղել, առավել նպատակահարմար է գնահատվել դիմել երկրորդ հոդվածով և ոչ թե չորրորդ:
Իհարկե, դեռևս բարդ է կանխատեսել, թե ինչ եզրահանգման կգան և ինչ արդյունքներ կտան այդ քննարկումները, դրանք կարող են լինել բավական տարբեր, այնուամենայնիվ, նման քննարկումների նախաձեռնումն ինքնին արդեն իսկ բավական կարևոր է և հստակ զանգ է թե՛ միջազգային հանրությանը, թե՛ ՀԱՊԿ անդամներին, որ ստեղծված իրավիճակը բավական ռիսկային է և, բնականաբար, անհրաժեշտ է համարժեք արձագանք»,- ասել է քաղաքագետը: