Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 827,758.2 հազար դրամ:
Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր: Հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի
կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Կառավարությունն ընդունել է նաև որոշում՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման, ևս 43 բնակավայրերի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով: Գործադիրի համապատասխան որոշմամբ փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել էր 7 համայնքի 43 բնակավայր: Սահմանամերձ այդ համայնքներին ևս ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Դրա համար պահանջվում է 400,205.8 հազ. դրամ։