Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Եթե 2021 թ. բազային աշխատավարձի ֆոնդը, նախնական հաշվարկով, կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025 թթ. այն կազմելու է, համապատասխանաբար, մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010 թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել:
Եթե, օրինակ, 2021 թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022 թ. հունվարից, գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025 թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի:
Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձերին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:
Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա, և կառավարությունը հանձնառու է՝ ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը»,- գրել է Ավինյանը: