Էդվարդ Միրզոյանի «Ինտրոդուկցիա եվ պերպետում մոբիլե» հայտնի ստեղծագործությունը թերևս լիովին բնութագրում է հենց հեղինակին՝ 20-րդ դարի հայ երաժշտարվեստի մեծ Վարպետին: Միրզոյանն ինքը հավերժական շարժման ու ստեղծագործական պրպտումների խորհրդանիշ էր, մարդ, որի անունը մշտապես ստեղծարարության ու արժեքների հետ էր կապվում:
Միրզոյանը երբևէ գնահատման պակաս չի ունեցել: Հայաստանի պատվո շքանշանակիրը, «Լեոնարդո դա Վինչի» և «Եկատերինա 2-րդ» մեդալների պատվո ասպետը կյանքի 91 տարիներն ապրեց երաժշտության աշխարհում՝ իր զարմանալի կերպարով և մեծ երաժշտությամբ կամրջելով ոչ միայն ավանդույթները, այլև մայրաքաղաքային մշակույթի տարբեր շերտերն ու երաժշտական սերունդները: Միրզոյան մարդու, ուսուցչի և երաժշտի կերպարն այսօր էլ օրինակ է նրա հոգևոր ժառանգորդների համար:
Երևանյան ռոմանտիկների մեծ հնգյակը՝ Միրզոյանը, Հարությունյանը, Բաբաջանյանը, Սարյանն ու Խուդոյանը, ազգային մշակույթի մի ամբողջ դարաշրջան ձևավորեցին: Միրզոյանն ամենապահանջվածներից էր նաև կինոյում, «Հայֆիլմի» լավագույն ֆիլմերի համար նրա կինոերաժշտությունն անհամեմատ ընդլայնեց կոմպոզիտորի ճանաչման սահմանները: 1948-ից նրա անունն անքակտելիորեն կապվեց Երևանի կոնսերվատորիայի հետ, որտեղ առ այսօր զգում են նրա ոգեշունչ ներկայությունը:
Մայիսի 12-ին Միրզոյանի տանը, երկարամյա ավանդույթի համաձայն, բաց դռների օր էր: Կոմպոզիտորի 100-ամյակը շնորհավորելու եկած բոլոր հյուրերն ու բարեկամները վերստին կհիշեն նրա ամենամեծ տաղանդը՝ անսպառ կենսասիրությունը, ամեն օր կյանքն ավելի սիրելու և աշխարհը նորովի բացահայտելու բացառիկ շնորհը: