Կառավարությունը 500 մլն դրամով ավելացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեն:
Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ գումարը կփոխանցվի Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաթիվ երեխաներով համալրված 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով. յուրաքանչյուրին կտրամադրվի 100 մլն դրամ:
Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում.
ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց»,
ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի միջնակարգ դպրոց»,
ՀՀ Վայոց ձորի մարզ` «Չիվայի միջնակարգ դպրոց», «Գոմքի միջնակարգ դպրոց»:
Դումանյանը նշեց, որ 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման շինաշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այս որոշման ընդունումից հետո դպրոցների մոդուլային շենքերի թիվը կհասնի 20-ի: Նա հետաքրքրվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահից՝ արդյոք դպրոցների մոդուլային շենքերն ունենալո՞ւ են մարզադահլիճներ:
Արմեն Ղուլարյանը նշեց, որ, վարչապետի հանձնարարականով, նոր կառուցվող դպրոցները և մյուս կրթական օբյեկտները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ հագեցած լինեն բոլոր անհրաժեշտ պայմաններով, այդ թվում ունենան մարզադահլիճներ:
Քաղշինկոմիտեի նախագահը նաև ասաց, որ նորակառույց կրթական օբյեկտներն ունենալու են նաև ապաստարաններ, 22 դպրոց արդեն ունեն:
Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նոր կառուցված դպրոցներում և մանկապարտեզներում չպետք է օգտագործվի հին գույք: «Նոր ենթակառուցվածքը պետք է լիարժեք նոր լինի»,- ընդգծեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց՝ կրթական հաստատությունների հիմնանորոգումը պետք է դառնա շարունակական գործընթաց, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Փաշինյանն ասաց, որ այս տարի նախատեսված է 48 մանկապարտեզ-դպրոցի կառուցում, ինչն ըստ նրա՝ նշանակում է, որ դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունը բավականին շոշափելի ծավալներ են ստանում Հայաստանում: