«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ հաշվի առնելով վերջին 3 տարիներին ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը և պարզ վերարտադրողական գործակցի ոչ բարենպաստ ցուցանիշը՝ նախաձեռնել են նման փոփոխություններ:
Ավանեսյանի խոսքով՝ պտղաբերության ցածր մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, ինչի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Նա նշեց, որ ծնելիության գործակիցը շարունակաբար նվազել է. 1990 թ.՝ 22.5 տոկոս, 2000 թ.՝ 10.6 տոկոս, 2010 թ.՝ 14.7 տոկոս, 2019 թ.՝ 12.2 տոկոս՝ կրճատվելով 1.8 անգամ:
«Մենք տարանջատել ենք օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը և այսուհետև նաև մարզային բժշկական կենտրոնները հնարավորություն կունենան որոշակի ծառայություններ մատուցելու: Պիտի ասեմ, որ նախկինում այն ամբողջական, համալիր ծառայություն էր դիտարկվում, և լիցենզավորման, սարք-սարքավորումների մասնագետների բավական բարձր պահանջներ էին դրված: Այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի ուղղություններ, որտեղ նման բարդ պահանջների կարիք չկա: Շատ կարևոր է, որ մարզում բնակիչը ստիպված չլինի ամեն անգամ Երևան գալու»,- նշեց Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ սահմանվել է նաև շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի և ծառայությունների պարտադիր էլեկտրոնային միասնական համակարգի ձևավորման պահանջ, որը հնարավորություն կտա մի կողմից ավելի վերահսկելի դարձնել և օրենքով նախատեսված չափորոշիչներով նախատեսված ծառայություններ մատուցել քաղաքացիներին, իսկ մյուս կողմից՝ հսկել, որ մեկ դոնորը հնարավորություն չունենա սահմանված քանակից ավել դոնորություն անել տարբեր ԲԿ-ներում:
«Ներդրվել է սաղմի դոնորության հնարավորությունը: Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս մի քանի սաղմ ստանալ: Եվ մարդիկ առաջին-երկրորդ անգամը հաջող ընթանալուց հետո երեխա ունենում են, ունենում են նաև սաղմիկների ռեգիստր, որը, կարծում ենք, անընդունելի է թափոնացնելը, եթե դրա կարիքը կա, և անպտուղ զույգեր կան, որոնք ուզում են այդ նվիրատվությունն ընդունել և երեխա ունենալ»,- նշեց Ավանեսյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունենում: Հընթացս պետք է մշակվի նախագիծն ու լրամշակվի, որպեսզի ամենատարբեր խնդիրներ, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում, պատշաճ ձևով լուծվեն և կարգավորվեն:
«Ժողովրդագրական իմաստով այս փոփոխությունը շատ կարևոր է, և հույս ունենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքների»,- նշեց Փաշինյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ էականորեն ընդլայնվում է տվյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունեցող անձանց շրջանակը:
«Հնարավորություն է տրվում և՛ զույգերի համար, և՛ ամուսնության մեջ չգտնվող կանանց համար նման որոշում ունենալու դեպքում տվյալ ծառայութուններից օգտվելու»,- նշեց Ավինյանը: