Երևանի պետական բժշկական համալսարանը կորոնավիրուսի հանդեպ մարդու ձեռք բերած հակամարմինների նոր թեստավորում է սկսել՝ նոր թեստ համակարգով: Ավելի կոնկրետ. վիրուսի բջիջն ունի տարբեր սպիտակուցներ: Ե՛վ արտաքինից է սպիտակուցով պատված, և՛ ներսում կա սպիտակուց: Հենց այս սպիտակուցների և մարդու բջջի հանդիպումից էլ տեղի է ունենում վարակման գործընթացը: Հետևաբար՝ հակամարմին ձևավորելիս մարդը իմունիտետ է ձեռք բերում այդ սպիտակուցների հանդեպ: Եթե նախկինում ԵՊԲՀ-ն թեստավորմամբ կարողանում էր միայն մեկ սպիտակուցի հանդեպ կայունությունը բացահայտել, նոր թեստ համակարգով հնարավոր է պարզվել վիրուսի հանդեպ մարդու իմունիտետի ամբողջական պատկերը:
Կոնստանտին Ենկոյան (ԵՊԲՀ պրոռեկտոր) - Մինչև էս պահը մենք որոշում էինք հակամարմին, որը վիրուսի ներսի սպիտակուցի նկատմամբ է: Այն նոր թեստ համակարգը, որը մենք ստացել ենք, և որը գերժամանակակից համակարգ է, որոշելու է վիրուսի մակերևույթի՝ այսպես կոչված՝ S սպիտակուցի նկատմամբ առաջացած հակամարմինը, ընդ որում՝ քանակական եղանակով:
Հակամարմինների հետ կապված առաջին հետազոտությունը բժշկական համալսարանը սկսել էր մեկ տարի առաջ: Նպատակը պարզելն էր վիրուսի ազդեցությունը մարդու ուղեղի վրա, ինչպես նաև այն, թե որքան ժամանակ են հակամարմինները պահպանվում օրգանիզմում և որքանով են պաշտպանում հետագա վարակումից: 1100 հետազոտվածից մեկ տարվա ընթացքում միայն մեկ քաղաքացու մոտ է կրկնավարակ գրանցվել:
Կոնստանտին Ենկոյան - Հետազոտվել է շուրջ 1100-ից ավելի անձ, արվել է արդեն 3500-ից ավել թեստավորում: մեկ դեպք ունենք կրկնավարակի: Մենք այս բոլորին, ովքեր մասնակցել են այն առաջին հետազոտությանը, քանակական այս հակամարմինը ևս կչափենք: Մենք ուզում ենք ի վերջո հասկանալ՝ որն է էն նվազագույն շեմը հակամարմնի տիտրի, որը պաշտպանում է մեզ վիրուսից:
Շուկայում առկա պատվաստանյութերը բարձրացնում են նոր հետազոտությամբ բացահայտվող S տեսակի հակամարմինների քանակը, որպեսզի վիրուսի սպիտակուցի և մարդու բջջի հանդիպումից ոչ թե վարակում տեղի ունենա, այլ սպիտակուցը քայքայվի և խոչընդոտի վարակման գործընթացին: Բժշկական նոր հետազոտությունը մի քանի օր է՝ ինչ սկսվել է: Արդեն նախնական տվյալներ կան:
Կոնստանտին Ենկոյան - Երկու տարբեր տեսակի հակամարմիններ են:
Մասնագետները նաև փորձելու են պարզել. գուցե այս հանգամանքո՞վ է պայմանավորված հիվանդության ծանրության աստիճանը: Իսկ հետազոտման գլխավոր նպատակը բացահայտելն է, թե՝ որն է հակամարմինների այն նվազագույն շեմը, որը երկարաժամկետ պաշտպանվածություն է ապահովում վիրուսից: Նման հետազոտությունները շատ կարևոր են նաև պատվաստանյութ ստեղծող ընկերությունների համար: