ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մշակույթի և սպորտի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դինամիկան, ինչպես նաև պատվաստումային գործընթացների վերաբերյալ մի շարք մանրամասներ։
«Համավարակի սկզբից ամբողջ աշխարհը սպասում էր, որ կստեղծվի որևէ դեղամիջոց, որը թույլ կտա վերադառնա բնականոն կյանքին և հաղթահարել հիվանդության թողած ծանր հետևանքները։ Այժմ ունենք գիտնականների կողմից ստեղծված պատվաստանյութեր, որոնք կարող են թեթևացնել կորոնավիրուսային հիվանդության ծանր հետևանքներն ու կանխարգելել դրա լայն տարածումը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է համավարակի և պատվաստումների վերաբերյալ ներկաների հարցերին: Իսկ COVID-19-ի դեմ արդեն իսկ պատվաստված մշակութային գործիչներն իրենց գործընկերներին պատրաստակամորեն ներկայացրել են հետպատվաստումային սեփական փորձն ու խոսել պատվաստումների կարևորության մասին: