Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակն ու մեր հետագա քայլերը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունն անհանդուրժելի է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ: Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա:
Բայց, ամեն դեպքում, այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,- ԱԽ նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: