Անպտուղ զույգերին աջակցող նոր օրենքով կվերացվեն մի շարք սահմանափակումներ: Կառավարությունն այսօր հաստատել է օրենքի նախագիծը, որն առաջարկում է վերացնել պահանջը, որ օժանդակ տեխնոլոգիաներին դիմող զույգերից մեկը պետք է լիներ երեխայի կենսաբանական ծնողը, այսինքն՝ կրի նրա գենետիկ կոդը:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար) - «Այսպիսով, օրենքի փոփոխությամբ, դոնորական սերմի և դոնորական ձվաբջջի միջոցով նրանք կարող են դիմել այս ծառայություններին»:
Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահն ասում է՝ այս փոփոխությանը վաղուց էինք սպասում: Խնդիր չէր, եթե զույգերից մեկն ուներ վերարտադրողականության հետ կապված խնդիր, բայց եթե երկուսն էլ խնդիր էին ունենում, արհեստական բեղմնավորումը դոնորով օրենքը թույլ չէր տալիս:
Էդուարդ Համբարձումյան (Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ) - «Զույգերին, որոնք ունեն միակողմանի անպտղությունը, կանանց կողմից բուժում ենք, տղամարդկանց կողմից բուժում ենք, բայց երբ գալիս է զույգը, և երկուսն էլ ունեն խնդիրներ, մինչև օրս մենք էդ հնարավորությունները չենք ունեցել և ուղղակի աբսուրդային վիճակ է ստեղծվել, որ ունենք ավելացած սաղմիկներ... հարյուրավոր սաղմիկներ, որ պատրաստ են նոր կյանք դառնալու, որովհետև նվիրաբերված են մեզ ծնողների կողմից, մենք այդ սաղմիկներին օգնել մարդ դառնալ՝ հնարավորություն չունեինք»:
Այս փոփոխությունը նույնպես նոր օրենքում ամրագրված է: Լինում են դեպքեր, երբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող ընտանիքներում ստացվում են շատ ավելի սաղմիկներ, քան նրանց անհրաժեշտ է: Եվ դրանք կա՛մ տարիներով պահպանվում են, կա՛մ որոշ կենտրոններում թափոնացվում: Օրենքն առաջարկում է թույլ տալ այդ ընտանիքներին նվիրաբերել սաղմերը մեկ այլ ընտանիքի, որը սեռաբջիջ չունի և դրա կարիքը շատ ունի: Միակ սահմանափակումը, որ առաջարկում է մտցնել նոր օրենքը, կանանց տարիքն է, որ գործող օրենքով չկար:
Նունե Փաշայան. «Տարիքը սահմանափակվել է 53 տարեկանով՝ ելնելով կնոջ համար սպառնացող առողջական վտանգներից»:
Մարզային կենտրոններում կզարգանան սերմնավորման ծառայությունները: Մինչև այժմ բոլոր նման ծառայությունները կենտրոնացված են եղել Երևանում, իսկ նման բուժման համար երբեմն անհրաժեշտ է լինում բուժկենտրոն հաճախել 1-ից 2.5 տարի:
Նունե Փաշայան - «Այս փոփոխությունը հնարավորություն կտա, որ ծառայությունը, որը պահանջում է նվազ ռեսուրսներ, կարող է զարգանալ նաև մարզերում: Առնվազն Շիրակի, Լոռու մարզում, իհարկե, նաև մյուսներում»:
Պտղաբերության ինդեքսը Հայաստանում 1.6 է, այսինքն՝ կին-տղամարդ նույնիսկ իրենց վերարտադրությունը չեն ապահովում:
Էդուարդ Համբարձումյան - «Ազգաբնակչությունը պակասելու է էնքան, որ դարի վերջում ուղիղ 2 անգամ պակաս՝ 1.5 մլն հայ քիչ է լինելու Հայաստանում, եթե այդպես շարունակվի: Բոլոր օրենքները պետք է միտված լինեն նրան, որ ավել երեխա ծնվի»:
Նոր օրենքը չի արգելում սուրոգատ մոր ծառայություններին դիմել, եթե նույնիսկ ծնողներից որևէ մեկը պտղի կենսաբանական ծնողը չէ, բայց նաև սուրոգատ մայրը չի կարող երեխայի կենսաբանական ծնողը լինել: Օրենքը երեխա ունենալու հարցում աջակցում է նաև զուգընկեր չունեցող կանանց: Միայնակ մայր հասկացություն չպետք է լինի՝ ասում է Էդուարդ Համբարձումյանը: «Եթե կինը երեխա է ունենալու, արդեն միայնակ չէ»: