Սերժ Սարգսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել երրորդ նախագահի՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը: Այսօր տեղի է ունեցել հերթական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական թիմը նաև պահանջել է իրենց տրամադրել գործի ամբողջական նյութերը: Ըստ փաստաբան Ամրամ Մակինյանի՝ քննչական մարմինը քրեական գործի փաստաթղթերը ընտրանքային կարգով է դատարան ներկայացնում: Ավելի վաղ խափանման միջոց ընտրելու հարցում դատարանի համար հիմք էին հանդիսացել մեղադրյալի թաքնվելու ռիսկը, նաև վկաների վրա ազդելու հավանականությունը: Պաշտպաններն այդ երկու հիմքն էլ համարում են անհիմն:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։ Գործով մեղադրյալներ են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: Մեղադրյալ էին նաև նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան պատճառով:
Ամրամ Մակինյան (Սերժ Սարգսյանի փաստաբան) - «ՀՀ-ում կա՞ մի ողջամիտ մարդ, որ մտածում է՝ ՀՀ երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Սա ծաղր է ուղղակի: Վկաների մասով. մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել եմ ասելու՝ այս գործով կա մեկ մեղադրողի ցուցմունք՝ Սերգո Կարապետյանը: Բոլորին հայտնի է՝ Սերգո Կարապետյանը մահացել է: Մենք դատարանում հիմնավորեցինք՝ եթե նախկինում կարող էին թեկուզ վերացական մտահոգություններ լինել, որ կարող է խոչընդոտվել, դատավարության մասնակցի վրա անօրինական ազդեցություն և այլն, հիմա այդ հանգամանքը վերացել է»: