ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատության հանձնաժողովի տարեկան զեկույցում Ադրբեջանի հետ կապված բաժնում բազմաթիվ արձագանքներ կան Արցախի հայկական հուշարձանների կացության մասին։ Արձանագրվել է վերջին պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբահարման փաստը, թեև, ըստ Պետքարտուղարության, չկան տվյալներ, որ եկեղեցին հայկական կողմը կիրառում էր ռազմական նպատակներով։ Կառույցը շեշտել է, որ, հայկական կողմի խնդրանքով, ռուս խաղաղապահները պահպանության ներքո են վերցրել Դադիվանքը։ «Նախագահ Ալիևի հանրային ելույթը, թե Քարվաճառի եկեղեցիները պատկանում են աղվանական հին պետությանը, հայերի շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խաթարել որոշ կրոնական վայրերի կապն իրենց հայկական ժառանգության հետ»,- նշված է զեկույցում։ Պետքարտուղարությունը մատնանշել է Կանաչ ժամի և Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցու դեմ վանդալիզմը։ Ուշագրավ է, որ վերջին դեպքում ամերիկյան արտաքին գերատեսչությունը կիրառել է Մեխակավան հայերեն անվանումը։