44-օրյա պատերազմի արդյունքում այլ ենթակառուցվածքային կորուստների հետ մեծ վնասներ է կրել նաև Արցախի Հանրապետության գրադարանային համակարգը. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով, դուրս են մնացել Արցախի վերահսկողությունից՝ դադարելով ծառայել իրենց նպատակին:
Հայկական գրադարանային ասոցիացիան և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների աջակցությամբ, գիտակցելով, որ այսօր հատկապես ազգային ինքնության պահպանման և երիտասարդ սերնդի ինքնագիտակցության բարձրացման գործում աներկբա է գրադարանների կայուն և
արդյունավետ գործունեությունը, և ի զորակցություն Արցախի բնակչության՝ նախաձեռնել են «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք, որը քայլ է մեղմելու գրքային հավաքածուի կորուստը և կարևոր է հետպատերազմյան Արցախի կրթամշակութային կյանքի ակտիվացման ու համաչափ զարգացման առումով:
«Արցախցի մեր հայրենակիցների գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով Դուք ևս կարող եք ունենալ Ձեր ներդրումը, որը հնարավորություն կստեղծի վերականգնելու կորսված գրադարանային հավաքածուն:
Ուստի ակնկալում ենք Ձեր մասնակցությունը գրքահավաքին: Կանխավ հայտնում ենք մեր երախտագիտությունը:
Խնդրում ենք գրքերը հանձնել ստորև նշված հասցեով՝ փաթեթի վրա նշելով անհատ նվիրատուի կամ կազմակերպության տվյալները. հասցե՝ 0001, Երևան, Տերյան փող., 42/1 շենք, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Հեռախոս՝ 010 521222:
Ծանուցում. գրքահավաքին կարող եք մասնակցել՝ նվիրաբերելով գրքեր ըստ ստորև ներկայացված թեմատիկ ուղղությունների.
-
գրականագիտական
-
լեզվաբանական
-
Հայ ժողովրդի պատմություն
-
Արցախի պատմությանը նվիրված
-
ուսումնա-մեթոդական
-
գեղարվեստական
-
տնտեսագիտական
-
իրավագիտական
-
տեխնոլոգիական
-
մանկական»,- տեղեկացնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժնից: