Ամերիկացի կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները սառեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունն ու արգելափակի հետագա ցանկացած օժանդակություն, ինչն ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացմանը կամ հնարավորությունների ավելացմանը: Մի շարք կոնգրեսականների հետ Վալադաոն այս թեմայով նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
«Ցանկանում ենք մեր մտահոգությունը հայտնել ապրիլի 26-ի Ձեր որոշման կապակցությամբ, որով հրաժարվում եք «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության երկարատև օրենսդրական սահմանափակումներից: Այս գործողությունը հատկապես մտահոգիչ է Արցախի հայ ժողովրդի դեմ Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից և հայ ռազմագերիների ու պահվող անձանց ազատ արձակման ձգձգումից հետո: Կարծում ենք, որ այս հրաժարումը սխալ է, ինչը չի համապատասխանում Կոնգրեսի մտադրություններին»,- գրված է նամակում:
Ամերիկացի կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ է արել կասեցնել Ադրբեջանին հատկացվող առկա ռազմական օժանդակությունը և հետագայում էլ թույլ չտալ նոր աջակցության տրամադրումը:
ԱՄՆ կոնգրեսականի հավաստմամբ՝ ամերիկացի հարկատուներից հավաքված գումարը՝ վերջին տարիներին Ադրբեջանին տրամադրված ավելի քան 100 մլն դոլար օգնությունը, Բաքվին հնարավորություն է տվել զարգացնել ռազմական և սահմանային մշտադիտարկման կարողությունները՝ Ալիևի կառավարությանը թույլ տալով ռեսուրսներն ուղղել Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական գործողություններին:
Պատերազմի ավարտից վեց ամիս անց հայ ռազմագերիներին ու մյուս անձանց անօրինական կերպով պահող Ադրբեջանը չպետք է ստանա և արժանի չէ ամերիկյան օգնության: