2022-ից կսահմանվի գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թ. կքառապատկվի աշխատավարձի ֆոնդը: Կառավարության որոշմամբ՝ կրթական գերատեսչության այս տարվա բյուջեն ավելացել է 500 մլն դրամով՝ մարզերի փոքրաթիվ երեխաներով համալրված 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման համար: Գործադիրի այլ որոշումներով կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման վճարումը:
2022-ից կսահմանվի գիտաշխատողների մրցունակ աշխատավարձային սանդղակ:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար) - «Աստիճանական ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա»:
Գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 հազար 400 դրամ է. առաջարկվում է 2025-ին դարձնել 276 հազար դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի՝ 141 հազար 400 դրամ աշխատավարձը կդառնա 477 հազար 200 դրամ:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - «Հաջորդ տարվանից կրկնապատկում ենք բազային աշխատավարձերի չափաքանակը: Այսօրվա 4 մլրդի փոխարեն 7,7-7,8 մլրդ դրամ է լինելու: 2025-ին 4 մլրդը կդառնա 14,4 մլրդ դրամ»:
Ավինյանը ևս մեկ օրինակ մատնանշեց՝ եթե հիմա գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը 138 հազար դրամ է, 2022-ից նա կստանա միջինում 367 հազար դրամ: Աստիճանական աճի շնորհիվ 2025-ին գումարը կհասնի 553 հազար դրամի. բազային աշխատավարձի թվերն են: Իսկ արդյունավետ աշխատող գիտնականը թեմատիկ ֆինանսավորման ծրագրերով կարող է նաև հավելյալ գումար ստանալ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - «Առաջիկա 3 տարում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: Հայաստանում գիտնականի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ: Եթե հաշվի ենք առնում, որ ճիշտ աշխատելու դեպքում պետք է արդյունք բերի, կարող ենք ասել, որ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմ է գործարկում, որը իր բարերար ազդեցությունը պետք է ունենա ամբողջ տնտեսության համար»:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - «Լրջորեն ենք վերաբերվում, որ կրթական համակարգը ծառայի տնտեսությանը: Այս տարի հասցրել ենք 18 ասպիրանտական տեղի պատվեր ստանալ մասնավորից, բիզնեսները տվել են թեմատիկ առաջադրանքները, փողը, որ կրթական համակարգը պատրաստի մասնագետներին: Հաջորդ տարվա համար ճիշտ պատվեր տալ համակարգին»:
Մեկ այլ որոշմամբ՝ գործադիրը 500 մլն դրամ հատկացրեց 5 դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար) - «Մեկ դպրոց Գեղարքունիքի մարզում՝ Ջիլի միջնակարգ դպրոց, 2 դպրոց Շիրակի մարզում՝ Արեգնադեմի և Կապսի միջնակարգ դպրոց, 2 դպրոց Վայոց ձորի մարզում՝ Չիվայի միջնակարգ դպրոց և Գոմքի միջնակարգ դպրոց»:
Կառավարությունը նախորդ նիստում 15 դպրոցի կառուցման մասին էր որոշում կայացրել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - «Պարոն Ղուլարյան, մոդուլային դպրոցների հետ կապված հարց ունեմ: Այս դպրոցները մարզադահլիճներով, ստանդարտներով են, չէ՞»:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - «Առաջադրանքը կազմելիս եղել է հանձնարարական՝ կրթական օբյեկտները հագեցված լինեն բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ մարզադահլիճներ, ուսումնական, օժանդակ կառույցներ, ավելացրել ենք նաև ապաստարանների խնդիրը»:
Որտեղ և՛ մոդուլային դպրոց, և՛ մանկապարտեզ պետք է կառուցեն, Նիկոլ Փաշինյանը հորդորեց դիտարկել արդյունավետության հարցը, որ սուղ միջոցներով ստեղծված ենթակառուցվածքներում թերբեռնվածության խնդիր չառաջանա:
Նիկոլ Փաշինյան - «Հիշեցնեմ մեր պայմանավորվածությունը. բացառում ենք պրակտիկան, որ նորակառույցներում օգտագործվի հին մնացած գույք»:
Կառավարությունը հաստատեց նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը. հիմքում հանրակրթության չափորոշիչն է՝ ապահովելու սահուն անցում նախադպրոցականից տարրական դպրոց:
Նիկոլ Փաշինյան - «Արձանագրում ենք, որ մանկապարտեզը ոչ թե մի տեղ է, որտեղ ծնողները թողնում են իրենց երեխաներին այս ժամից այն ժամը, այլ սա կրթության բաղկացուցիչ մասն է»:
Կփոխվի վերարտադրողական առողջության մասին օրենքը՝ բարելավելու ծնելիության, ժողովրդագրական ցուցանիշը: Օժանդակ տեխնոլոգիաներով ծառայություններ կմատուցեն նաև մարզային բուժկենտրոնները:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - «Բուժման ընթացքը բավական երկար է տևում, շատ կարևոր է, որ մարզի բնակիչը ստիպված չլինի ամեն անգամ Երևան գալ»:
Սահմանել են շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի և ծառայությունների էլեկտրոնային միասնական համակարգի ձևավորման պահանջ: Դա հնարավորություն կտա հսկել, որ 1 դոնորը հնարավորություն չունենա սահմանվածից ավելի դոնորություն անել տարբեր բուժկենտրոններում:
Անահիտ Ավանեսյան - «Ունենում ենք նաև սաղմիկների ռեգիստր, որը, կարծում ենք, անընդունելի է թափոնացնելը, եթե դրա կարիքը կա, և անպտուղ զույգեր կան, որոնք ուզում են այդ նվիրատվությունն ընդունել ու երեխա ունենալ: Հանել ենք արգելափակումները նաև կանանց համար, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու»:
Նիկոլ Փաշինյանը փոփոխությունը համարեց ինստիտուցիոնալ և կարևոր՝ ժողովրդագրական իմաստով: Օժանդակ տեխնոլոգիաներով պետական ծրագիրը վերսկսվել է 2019-ից:
Արսեն Թորոսյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - «Որի մեջ հիմնականում ներառված են զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, սահմանամերձ գյուղերի բնակիչները, բավական լավ արդյունք ունեն տարեկան մոտ 1 մլրդ դրամ բյուջեով»:
Քովիդի պայմաններում, երբ պլանային շատ բուժծառայություններ հետաձգված էին, շնորհիվ ծրագրի՝ 80 երեխա է ծնվել: