Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իրագործման փուլում է: Քրեական հեղինակություն համարվող անձանց, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները Հայաստանում քրեականացվել են նախորդ տարեսկզբից: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև օրս արդեն հարուցվել է 18 քրեական գործ, որից 2-ը՝ այս տարի:
Աբգար Առաքելյան (ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Քննված 16 քրեական գործերից 3 քրեական գործ 2020 թվականի ընթացքում 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի» կարգավիճակ:
Դատարան են ուղարկվել Գևորգ Մելիքյանի և մյուսների, Ալեքսանդր Մակարյանի և մյուսների, ինչպես նաև Արսեն Ստյոպայի Մկրտչյանի ու մյուսների վերաբերյալ գործերը: Օրերս բացահայտվել են նաև «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկներում պահվող մի շարք անձանց կողմից նշված խմբավորմանը մասնակցելու դեպքի վերաբերյալ տվյալներ:
Էդուարդ Հովհաննիսյան (ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ) - 2021 թվականի մայիսի 7-ին «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողի» քրեական հեղինակություն աստիճանակարգության կարգավիճակ ունեցող անձին հրահանգել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնների համաձայն պատժել՝ ծեծի ենթարկելու միջոցով, կալանավորված անձանցից մեկին:
Վերջինս հրաժարվել է այն կատարել, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը նախաձեռնել է տվյալ անձին փոխարինելու գործընթաց: Ըստ մամուլի՝ խոսքը Ժիրայր Շահումյանսկու մասին է: Քրեական գործով կատարվում է նախաքննություն: Որպես մեղադրյալ ներգրավվել են նաև մի շարք անձինք: Արդարադատության նախարարությունից հայտնում են՝ պետությունը արձանագրեց, որ նման արարքները արժեհամակարգի ձևախեղման, պետական համակարգի խարխլման նախադրյալներ են ստեղծում, ու օրենսդրական փոփոխություններով քրեական ենթամշակույթի դեմ պայքարը տեղափոխեց որակական նոր փուլ:
Արփինե Սարգսյան (ՀՀ ԱՆ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ) - Քրեականացվեցին չորս հիմնական արարքներ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը կամ այն պահպանելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, այսպիսի խմբավորմանը մասնակելը կամ դրան ներգրավվելը, ինչպես նաև այդպիսի խմբավորման անդամի կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը հանրային կամ մասնավոր վեճերի լուծման նպատակով կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով:
Օրենքով ամրագրվել է՝ ինչ ասել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, և ովքեր են համարվելու բարձրագույն աստիճանակարգության կարգավիճակ ունեցող անձինք:
Արփինե Սարգսյան - Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց մենք որպես հոմանիշ օրենսդրական մակարդակում գործածել ենք «օրենքով գող» կամ «քրեական հեղինակություն» եզրութաբանությունը, իսկ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» հասկացությունը մեկնաբանելիս գործածել ենք «գողական աշխարհ» եզրույթը: Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ օրենսդիրների այս մոտեցումը շատ հետաքրքրական է, որովհետև այսկերպ ակնհայտորեն օրենսդիրները փորձում են ավելի հանրամատչելի դարձնել օրենսդրական ձևակերպումները:
Օրինակ` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ 7-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը, դրանց մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Արդարադատության ակադեմիայի շրջանակներոմ հաստատել են նաև այդ հանցագործություններով քրեաիրավական բնութագիրը ներկայացնող գիտագործնական մեկնաբանությունները:
Արփինե Սարգսյան - Եվրոպական դատարանը նշում է, որ թեև օրենքի մակարդակով ցանկալի է իրավական որոշակիությունը, բայց շատ ու շատ դեպքերում այն կարող է բերել օրենքի կոշտության, և Եվրոպական դատարանն ընդգծում է, որ պետք է օրենքն ամեն դեպքում ունակ լինի հարմարվելու փոփոխվող հասարակական հարաբերություններին: Հենց այդ նպատակով է, որ դատական մեկնաբանությունները գալու են պրակտիկայում ծածկելու հնարավոր անհստակություններն ու անորոշությունները:
Աբգար Առաքելյան - Սովորաբար նման գործերով վկաները խուսափում են ցուցմունքներ տալ քրեական ենթամշակույթին առնչվող անձանց վերաբերյալ, հետևաբար այստեղ ապացուցման հիմնական բազան կառուցվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա: Այս առումով բավականին աշխատանք կատարել և ունեն կատարելու ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցները:
Արձանագրում է՝ այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ բավականին մեծ աշխատանք իրականացվել է: Դատախազությունը վստահեցնում է՝ հետևողական են լինելու ու ձեռնարկելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմը՝ այդ հանցավորության դեմ պայքարի գործում: