ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու ստացած «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը հանձնել է Վայքի զորամասի փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանի որդուն՝ Կարեն Արայի Շահբազյանին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը Արա Շահբազյանի հարազատների հետ այցելել էր հերոսի շիրիմին: Մարզպետին ուղեկցել են ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի Վայքի զորամասի հրամանատարը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց ձորի բաժանմունքի ղեկավարը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և Վայքի համայնքապետը:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Արա Շահբազյանի շիրիմին և խնկարկել նրա անմար հիշատակը: Հերոսի հայրը՝ Խաչատուր Շահբազյանը, շնորհակալություն է հայտնել ներկաներին և բոլոր այն ծնողներին, ովքեր դաստիարակել են հայրենասեր զավակներ, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայենիքի, հանուն խաղաղության: Նա հաջողություններ է մաղթել Հայոց բանակին:
փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը ծնվել է Վայք քաղաքում՝ 1982 թվականի հուլիսի 25-ին: Շուրջ 22 տարի ծառայել է Հայոց բանակում: Սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: 2019 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի Ժուկովի անվան ակադեմիայում:
Ծառայել է Վայքի, Սիսիանի զորամասերում' զբաղեցնելով դասակի, վաշտի հրամանատարի պաշտոններ: 2011-2018 թվականներին ընտանիքի հետ ապրել և ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ)՝ զբաղեցնելով գումարտակի շտաբի պետի, զորամասի օպերատիվ բաժանմունքի պետի պաշտոնները: Մասնակցել է Ապրիլյան քառօրյային: 44-օրյա պատերազմի առաջին օրվանից Վայքի զորամասի հետ մեկնել է Ջրական՝ պաշտպանելու հարազատ դարձած սահմանները:
Արա Շահբազյանի և մերօրյա բոլոր հերոսների գործած սխրանքները երբեք չեն մոռացվելու, այլ սերունդների համար դառնալու են հայրենասիրության վառ օրինակ: Հավերժ փառք մեր հերոսներին և բարի հիշատակ: