Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի մասնագետներն ամեն օր ջրաչափ քանոնով հետևում են՝ որքան ավելացավ Սևանի ջուրը։ Մայիսի 11-ի չափումով՝ Սևանի ջրի մակարդակը կազմում էր 1900,83 մետր, ինչը անցած տարվա նույն ժամանակի համեմատ բարձր է 16 սանտիմետրով։ Ըստ հիդրոլոգների կանխատեսման՝ հուլիսին, վերջին 60 տարվա ընթացքում, Սևանի մակարդակը կհասնի ռեկորդային նիշի։
Էդգար Միսակյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ՊՈԱԿ-ի հիդրոլոգիայի ծառայության պետ) - Կանխատեսումների արդարացման դեպքում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի ավելացում ապրիլի 1-ի համեմատ 37-42 սանտիմետրով։
Համեմատության համար նշենք, որ մակարդակի մեկ սանտիմետրով բարձրացումը նշանակում է՝ Սևան է լցվել մոտ 13 մլն խորանարդ մետր ջուր։ Բնակլիմայական պայմաններ, Արփա-Սևանով ջրի տեղափոխում, ոռոգման նպատակով ջրի բացթողնման կրճատում՝ հանգամանքները նպաստավոր են, որ Սևանն արագ լցվի։ Անցած տարիներին Սևանից ջրի բացթողնման կրճատման հետևանքով գյուղատնտեսությունը չի տուժել՝ ասում է Ջրային կոմիտեի նախագահը։
Կարեն Սարգսյան (ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ) - 2020 թվականին ունեցել ենք աննախադեպ ջրաքանակի տեղափոխում՝ 210 մլն խորանարդ մետր ջուր ենք տեղափոխել Սևան, մեզ թույլատրելի չափաքանակից քիչ ջուր ենք վերցրել, վերցրել ենք 162 մլն խորանարդ մետր։ 2017 թվականին Սևանա լիճ է տեղափոխվել 111 մլն խորանարդ մետր ջուր, սակայն Սևանա լճից ջրառ ենք իրականացրել 266 մլն խորանարդ մետր։
Վերջին երկու տարում հաջողվել է Սևանում ամբարել մոտ 80 մլն մետր խորանարդ ջուր։ Ոչ միայն ոռոգման ջուրը չի պակասել, այլև կարողացել են ավելի քան 4800 հեկտար ավելի ոռոգել։ Պարզվում է՝ բաց թողնված ավել ջուրը Սևան-Հրազդան կասկադում դարձել է էլեկտրաէներգիա։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզնից ոչ մեկ միլիոնատեր չի դարձել։ Որովհետև եթե դուք էներգետիկ համակարգի ներկայացուցիչների հետ խոսեք իրազեկ, նրանք կասեն, որ կա այսպիսի օդում պտտվող խոսակցություն, որ Սևանա լճի մեկ սանտիմետր ջուրը մեկ միլիոն դոլար ա, որովհետև երբ որ դա բաց ա թողնվում համակարգ և դառնում ա էլեկտրական էներգիա։ Պատկերով մնացած գործողությունները տեղի են ունենում։
Սևանի ջրերը խնայել հնարավոր է դարձել ջրամատակարարման նոր համակարգի շնորհիվ։ Հիմա համակարգը վերահսկվում է «Ջի Այ Էս» համակարգով, որը հնարավորություն է տալիս հետևելու՝ ով որքան հող ու ինչ մշակաբույս է ջրում։
Կարեն Սարգսյան - Դրա արդյունքում մենք կարողացել ենք 23 մլն խորանարդ մետրով քիչ ջուր օգտագործել, սակայն 4800 հեկտարով ավելի ոռոգում կազմակերպել։
Անցած տարի հնարավոր է եղել 5 տոկոսով նվազեցնել ջրի կորուստները։ Երեք տարվա մեջ խնայել են 55 մլն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա՝ մոտ 2,2 մլրդ դրամի։