ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մասին մամուլում տարածված տեղեկությանը:
«Տարօրինակ էր, որ օրվա սկզբում լրատվական ծառայություններից մեկի կողմից տարածված հաղորդագրությունը՝ Սյունիքի հետ կապված, ձնագնդի պես սկսեցին փոխանցել մեկը մյուսին՝ այլ ձևակերպումներով: Հայտնվեցին քաղաքական գործընթացներում ներգրավված անհատներ, օրինակ՝ Վահե Հակոբյանը՝ ասելով, որ ինքը տեղեկություն ունի, որ Սյունիքում կան վիրավորներ և այլն: Բնականաբար, այստեղ ակնհայտ էր, որ հերթական առիթն էր Սյունիքում լարվածության օջախի առաջացման, և դա պետք է ճոխացվեր»,- նշեց Քոչարյանը:
Պատգամավորը մանրամասնեց՝ դիրքային խնդիր է եղել, ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզը ձեռքներին, եկել ու ինչ-որ բարձունքի վրա ասել են, որ դա իրենցն է: Հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով, որը, ըստ պատգամավորի, իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտ՝ հակառակորդի կողմից լարվածություն առաջացնելու մեր երկրի ներսում, մեր անվտանգության համակարգում Ռուսաստանի ներգրավվածության և հրադադարի ռեժիմի պահպանման հարցում:
«Այդ դիրքն այնպիսի դիրք է, որ ընդամենը զինվորական մեկ փոքր գործողության արդյունքում իրենք կհայտնվեն շրջափակման մեջ: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը և պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Ասում են՝ առաջ են եկել 3 կմ, 5 կմ... ընդամենը մի դիրք է, մի բարձունք է այդտեղ, ընդ որում՝ չպահպանվող: Այդպիսի դիրքային բարձունքներ ամեն տեղ կան, դեռ սահմանային այս խնդիրները հստակեցված չեն, մինչև որ վերջնականապես պետական սահմանի հետ կապված հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն: Հիմա գնում են այդ հստակեցումները, ճշտումները, բայց դրանց մեջ մենք էսպիսի գործողություններով կարող ենք հասնել նրան, որ հրադադարի ռեժիմի հետ կապված խնդիր առաջացնենք»,- նշեց Քոչարյանը:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ Քոչարյանն ասաց, որ ԶԼՄ-ներից մեկը հրապարակում է արել այն մասին, որ Լուսակերտից զորք է տեղափոխվում Սյունիք:
«Սա նշանակում է, որ տվյալ լրատվամիջոցը հակառակորդին տեղեկություն է տալիս մեր ԶՈՒ տեղաշարժի մասին: Ադրբեջանին էլ ո՛չ բանակային հետախուզություն է պետք, ո՛չ արտաքին հետախուզություն, ո՛չ մի բան պետք չի: Մնում էր կոորդինատներն էլ տային: Զանգեզուրը դարձրել ենք քաղաքական շահարկման և արտահերթ ընտրությունների շեմին քաղաքական գործընթացների ճոճանակ: Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինել, դա մեր երկրի հարավային դարպասն է: Էսօր ամբողջ օրը մեր հանրությունը գտնվում է խիստ գերլարված վիճակում՝ մեկ լրատվական կառույցի, մյուս կառույցների ու անհատների անթաքույց շահարկումների պատճառով»,- ընդգծեց պատգամավորը: