ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Սյունիքի սահմանին տեղի ունեցած միջադեպին:
«Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված նախընտրական իրավիճակը, իր սադրիչ գործողություններով և հայտարարություններով շարունակաբար փորձում և փորձելու է ազդել մեր ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև հանրային տրամադրությունների վրա։ Իմ համոզմամբ՝ սա Ադրբեջանի կողմից պատերազմից հետո իրականացվող հոգեբանական պատերազմի բաղադրիչ է։ Անկախ քաղաքական հայացքներից, իշխանության հանդեպ վերաբերմունքից՝ ներքաղաքական պայքարի համատեքստում անվտանգային հարցերի վերաբերյալ չճշտված տեղեկատվության տարածումը, հանրության շրջանում խուճապ առաջացնելուն միտված քայլերը չեն բխում մեր պետության անվտանգային շահերից, ավելին՝ ծառայեցվում են Ադրբեջանի հետապնդած նպատակների իրագործմանը։ Իշխանության համար մղվող պայքարում չպետք է երբեք հատել կարմիր գծեր, անտեսել պետական շահը և մոռանալ, թե ինչ հակառորդի հետ գործ ունենք»,- գրել է Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում։