Կրակոցներ չեն հնչել, վիրավորներ չկան, մարտեր չեն եղել, զոհեր՝ առավել ևս: Արագ տարածված տեղեկությունը, թե Ադրբեջանը Սյունիքի Իշխանասար համայնքում նոր դիրքեր է գրավել, սուտ է: Անդրանիկ Քոչարյանը պարզբանում է՝ ինչ որ օգտատեր գրառում է կատարել, կեղծ լուրը ձնագնդի պես մեծացավ, տարածվեց, հետո վիրավորների մասին լուր տարածեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Հարց է առաջանում՝ այդ կրակոցների մասին Վահե Հակոբյանը որտե՞ղ է լսել՝ իր ականջո՞վ, թե՞ իր ուղղաթիռով պտտվում էր կրակոցների տարածքում: Այդ դեպքում՝ թող ուղղաթիռն իջեցներ, զենք վերցներ, կանգներ մեր զինվորների կողքին: Պետք չէ խուճապ տարածել, հասկանալի է խուճապի իմաստը, ինչպես կասեր դասականը՝ խելոք նստեք տեղներդ: Սա պլանավորված պրովոկացիա է:
Սա խնդիր է, որտեղ, ըստ Քոչարյանի, լուրջ անելիք ունի Ազգային անվտանգությունը: Հիշեցրեց՝ նույն օգտատերը 2016-ին նման ապատեղեկատվություն տարածելու համար դատապարտվեց: Հետո արագ տարածվեց հաջորդ ապատեղեկատվությունը՝ ՊՆ մեքենաները զինվորներին Լուսակերտից Սյունիք են տեղափոխում: Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց՝ կեղծ հոդված էր, լուսանկարն էլ՝ նոյեմբերի 29-ի:
Անդրանիկ Քոչարյան - Եթե ամբողջը ճիշտ էր, տեղեկատվություն է տալիս մեր Զինված ուժերի տեղաշարժի մասին, էլ Ադրբեջանին ոչ հետախուզություն է պետք, ոչ արտաքին հետախուզություն, մնում էր կոորդինատներն էլ տային, և այսօրվա հրետանային համակարգերի պարագայում կոորդինատ ունենալու դեպքում մնում է մեկ կրակոցով ոչնչացնել:
Նման լուրի տարածումը, Քոչարյանը վստահ է, Սյունիքում լարվածությունը մեծացնելու ևս մեկ քայլ էր: Տվյալ բարձունքը չպահպանվող է, և նման տարածքներ սահմանի երկայնքով էլի կան: Սահմանային խնդիրները դեռ հստակեցված չեն, գործընթացը տևական է լինելու, քանի դեռ պետական սահմանի հարցերն ինչ որ պայմանագրերով չեն հստակեցվել: Տեղի ունեցածից հետո բանակցություններ են եղել՝ ռուսական կողմի ներգրավմամբ:
Անդրանիկ Քոչարյան - Դիրքային խնդիր է, որը կապված էր հետևյալ իրողության հետ՝ ադրբեջանցիները 74 թվականի քարտեզ ձեռքներին եկել, ինչ-որ բարձունքի վրա ասում են՝ մերն է, որի մասին տիկինը գրել է, որ այնտեղ մարտական գործողություններ են գնում, վիրավորներ կան: Եթե այսպես շարունակվեր և ՊՆ-ն հանդես չգար պաշտոնական հերքումով, հաջորդ գրառումը կլինեին զոհերը, շտապ օգնության մեքենաներ են գնում, ֆեյքային լուրերի տարածման փուլ մտանք:
Սյունիքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դարձնել քաղաքական գործընթացների շահարկման թեմա՝ Քոչարյանն անթույլատրելի է համարում:
Անդրանիկ Քոչարյան - Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով: Իր մեջ, համոզված եմ, ունի քաղաքական կոմպոնենտ հակառակորդի կողմից, որը լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում, լարվածություն է առաջացնելու Ռուսաստանի ներգրավածությանը մեր անվտանգային համակարգում: Ադրբեջանն սկսել է կամաց-կամաց հարց բարձրացնել, որ Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարում այդքան էլ ցանկալի չէ:
Ապատեղեկատվություն է նաև, որ ադրբեջանական կողմն առաջ է եկել Գեղարքունիքի մարզում: Իրենք իրենց տարածքում դիրքային աշխատանքներ են կատարում:
Անդրանիկ Քոչարյան - Դուք հասկանում եք՝ նոր հրադադարի ռեժիմի փխրուն, կայուն վիճակ է և այսպիսի լուրեր են տարածվում, դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը: Մենք ի՞նչ ենք անում, մենք մեր երկրի դեմ ենք գործում, ես չեմ հասկանում:
Կապ տեսնո՞ւմ է Քոչարյանը Լավրովի Բաքու այցի և Իշխանասարի դեպքի միջև: Ասում է՝ տրամաբանություն պետք է գտնել ամեն տեղ, նույնիսկ այնտեղ, որտեղ տրամաբանություն չկա: Քոչարյանը չի հերքում՝ դիրքային խնդիր եղել է, հարցով զբաղվում են խնդրում ներգրավված բոլոր կողմերը: