Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը։ Այդ մասին նա հայտնել է այսօր հրավիրված՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ մարզպետի՝ կարևորը նախընտրական գործընթացում ամեն ինչ օրենքի դաշտում կազմակերպելն ու իրականացնելn է, վարչական ռեսուրսի կիրառում Շիրակի մարզպետը թույլ չի տալու՝ անկախ հանգամանքից, թե քաղաքական որ ուժի համար է այն ծառայելու:
«Ինձ համար առաջնայինը ընտրական գործընթացն առանց օրինախախտման կազմակերպելն է։ Ես կլինեմ երաշխավոր օրենքը խախտողին օրենքով նախատեսված պատիժը կիրառելու ճանապարհին»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
Մարզպետը կարևոր է համարել քաղաքացիների պատասխանատվության զգացումի բարձրացումը՝ նշելով, որ քաղաքացիները չպետք է լինեն գործիք նպատակի ճանապարհին։