ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ:
Խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Նիկո Սխերմերսը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի առավել խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարևորել է «Լուսավոր Հայաստանի» համագործակցությունը նիդերլանդական Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) հետ:
Հանդիպման ընթացքում Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ կարևորելով Նիդերլանդների Թագավորության կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն:
Քննարկվել են նաև հունիսին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր: