Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ, ասվում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Նշվում է, որ Մեծ պալատը կուսումնասիրի երկու միջպետական գործերը:
Դիմումները մեծ մասամբ վերաբերում են վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային ունեցվածքի ու ենթակառուցվածքների վրա, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք և խեղումներ, գերեվարում և ռազմագերիների շարունակական պահում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանություն ռազմական գործողություններից տուժած տարածքներից:
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումը ՄԻԵԴ էր ներկայացվել դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումը՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին:
«Նշված միջպետական գործերի համատեքստում Դատարանը ժամանակավոր միջոց էր նշանակել՝ Ադրբեջանին և Հայաստանին կոչ անելով ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են ոտնահարել քաղաքացիական բնակչության իրավունքները, այդ թվում՝ նրանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելը և կատարել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունից պարզ է դառնում՝ 2021-ի մարտի 9-ին Պալատը հայկական և ադրբեջանական կողմերին տեղեկացրել էր, որ գործը քննելու է Մեծ պալատը: