Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ մեկուկես օրվա ընթացքում խոցել են Գազայի հատվածի մոտ 500 թիրախ, ոչնչացրել են նաև «Համասի» մի քանի բարձրաստիճան անդամի, գրում է Euronews-ը: Ըստ պաղեստինյան տվյալների՝ Գազայում զոհերի թիվը հասել է 35-ի, այդ թվում ՝ 12 երեխա: Տուժել է ավելի քան 200 պաղեստինցի:
Մի քանի հարյուր հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ միայն այսօր առավոտյան, իսկ ընդհանուր առմամբ, ըստ Ցախալի, ավելի քան հազար: Հրեական պետությունում հրթիռակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել: Իսրայելական ԶԼՄ-ները շեշտում են, որ մահացածների թվում կան արաբական ընտանիքի անդամներ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է, որ Գազայի հատվածում զինյալները «շատ թանկ կվճարեն»:
«Համասի» ղեկավարներից մեկն էլ հայտարարել է. «Եթե Իսրայելը ցանկանում է սրել լարվածությունը, մենք պատրաստ ենք: Եթե ուզում է կանգ առնել, մենք էլ ենք պատրաստ: Եթե ուզում է ձեռքերը հեռացնել Երուսաղեմից, մենք դարձյալ պատրաստ ենք»:
Արևելյան Երուսաղեմում պաղեստինցի ընտանիքի վտարման համար սկսված հակասությունը դարձավ հրթիռային հարվածների պատճառ: Անցյալ շաբաթ իսրայելցի զինվորականները իրենց տներից վտարեցին մի քանի արաբ ընտանիքի, որոնք Հորդանանի թույլտվությամբ 1950-ականներից բնակվում էին այդ շրջանում:
Իսրայելական բանակը մոտ 5 հազար պահեստազորային է զորակոչել՝ անհրաժեշտության դեպքում Գազայի հատվածի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար: