Օդանավակայանից ավտոշարասյունն ուղղություն է վերցնում դեպի Բաղրամյան 26: Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երկու երկրների օրհներգ, ապա շարային երթ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկում է երկու երկրների գործադիրների ղեկավարների առանձնազրույցը: Տրանսպորտային կոմունիկացիաներից մինչև էներգետիկա, իհարկե, նաև Քովիդի դեմ պայքար՝ համատեղ ուժերով. քննարկվող հարցերի շարքը լայն է:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Մեր օրակարգում, կարծում եմ, ունենք և պետք է քննարկենք նաև տարածաշրջանի իրադրությանը և հեռանկարներին վերաբերող հարցեր, փորձենք համադրել մեր պատկերացումները, իհարկե, մեր ավանդական կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային ուղղություներով խորացնելու համար։ Եվ, իհարկե, մեր երկրներն ու ժողովուրդները պետք է աջակցեն իրար՝ մեր պետությունների բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու գործում։
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ - Մենք պետք է քննարկենք, թե ինչպես զարգացնենք մեր առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, այնպիսի հարցեր, ինչպիսին տրանսպորտն է, լոգիստիկան։ Այս հարցերը մեզ է՛լ ավելի կմերձեցնեն, իհարկե, նաև տարածաշրջանային պրիզմայով։
Տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանբ շահագրգիռ են թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը՝ արդեն ընդլայնված կազմով հանդիպմանը արձանագրում են կողմերը: Տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում Փաշինյանն առանձնացրել է այսօր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի նման պահվածքն ու երկու եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը դատապարտելի են՝ ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյան - Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։ Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումն ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը։
Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում՝ վստահեցրել է Ղարիբաշվիլին: Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար կարևոր է Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումը:
Իրակլի Ղարիբաշվիլի - Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին:
Վերադառնալով տնտեսական հարցերին՝ հեռանկարային է Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան՝ հնգակողմ գործակցության ձևաչափը: Ոչ պակաս ակտիվությամբ են ընթանում նաև «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի աշխատանքները: Հայ-վրացական հարաբերություններում այսուհետ հատուկ ուղղություն կհամարվի առևտուրը և տնտեսական կապերի զարգացումը՝ որոշել են գործադիրի ղեկավարները:
Նիկոլ Փաշինյան - Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը:
Իրակլի Ղարիբաշվիլի - Մենք ընդգծեցինք, որ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկել և զարգացնել արդեն առկա ինտենսիվ հարաբերությունները:
Պաշտոնական հանդիպումներից հետո՝ այց Ծիծեռնակաբերդ: Ղարիբաշվիլիին այստեղ ուղեկցում էր Տիգրան Ավինյանը: Վրաստանի վարչապետը ծաղիկներ է խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև «Հիշատակի պուրակում» ջրել նախկինում իր տնկած եղևնին: