Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Մեր երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով, մեր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է մեր երկու պետությունների գործընկերությունը:
Վրաստանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որն էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրները: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ, այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ:
Պարոն Ղարիբաշվիլիի հետ հնարավորություն ունեցանք շարունակելու Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը, անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընդհանուր վիճակին և զարգացման հեռանկարներին, որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետև էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա:
Մեր կողմից նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը, ընդգծվեցին երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության հարցեր:
Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի հետ կապված քայլերի վերաբերյալ:
Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է:
Ես համոզմունք հայտնեցի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: